Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է պահանջների միասնական պլատֆորմ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով իրենց հրապարակած հինգկետանոց պահանջների փաթեթին։
Նրա խոսքով՝ ներկայացված կետերից կոնկրետ մի խնդրի շուրջ միավորվել են բոլոր քաղաքական ուժերը՝ առանց որևէ բացառության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Վերջապես այդ պլատֆորմը ձևավորվեց, իսկ դա թույլ կտա Ընտրական օրենսգրքի շուրջ գրագետ առաջարկներ ներկայացնել»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորվող «4+4+4» ձևաչափին, Զուրաբյանը հստակեցրեց, որ բոլորի նպատակն է առաջիկա խորհրդարանական ընտրությունները անցկացնել հնարավորինս բաց, թափանցիկ:
Անդրադառնալով նախագծի քննադատություններին՝ պատգամավորը շեշտեց, որ դրանք անհիմն ու անտրամաբանական են. «Որոշ ուժեր մեզ մեղադրում են՝ ասելով, թե այն ժամանակ, երբ իրենք գնում էին Սահմանադրությունը քննարկելու՝ նկատի ունենալով հայտնի տխրահռչակ ֆոտոսեսիաները, մենք քննադատում էինք, հիմա մենք ենք գնում իշխանությունների հետ բանակցելու։ Սա պարզ դեմագոգիա է: Մենք գնացել ենք այդ բանակցություններին, որպեսզի մեր պահանջները ձևակերպենք, որպեսզի դրանք հասցնենք իշխանություններին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀԱԿ-ը ոչ թե իշխանությունների հետ բանակցում է, այլ համախմբում է բոլորին այդ պլատֆորմի շուրջ: Պատգամավորը վստահեցրեց, թե այս պլատֆորմը բոլորովին այլ է. «Ընդդիմության նպատակն է այդ գործընթացին մասնակից դարձնել նաև քաղհասարակությանը: Սա լրիվ այլ բան է, միասնական ֆորմատ, որին մասնակցում են քաղաքացիական հասարակությունը, քաղաքական գլխավոր բոլոր ուժերը, հնարավոր չէ անգամ տեսականորեն ժողովրդի թիկունքում ստվերային գործարքներ իրականացնել իշխանությունների հետ։ Նման ֆորմատով մեծ երևակայություն է պետք ունենալ՝ կարծելու, թե մութ գործարքներ կարող են լինել»։
Այն խոսակցությունները, թե «4+4+4»-ը բավարար ներկայացվածություն չի ապահովել, ներկայացված չեն բոլոր շահագրգիռ կողմերը, Լ. Զուրաբյանը պարզաբանեց, որ Հայաստանում այսօր կա գրանցված 70 կուսակցություն ու 5000 հասարակական կազմակերպություն, որոնցից ոչ բոլորը կարող են ներկայացված լինել։ «Սա աբսուրդ է, հասկանալի է, որ բանակցությունները նման ֆորմատով հնարավոր չեն»,- ասաց նա: